Սեպտեմբերի 1-ից մարզային դպրոցներում կարևոր փոփոխություն է ուժի մեջ մտնում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցների համար նույն փոփոխությունը նախատեսված է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ի՞նչ է ենթադրում դպրոցների ենթակայության փոփոխությունը, ի՞նչ լիազորություններ են անցնում նախարարությանը, և ի՞նչ գործառույթներ են պահպանվելու մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մոտ։

Դպրոցների կառավարման համակարգի փոփոխության հիմքում 2026 թվականի մայիսի 6-ին ընդունված և մայիսի 21-ին պաշտոնապես հրապարակված ՀՕ-194-Ն օրենքն է՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին։

Օրենքի 3-րդ հոդվածով ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի իրավասությունները» հոդվածը։

Օրենքի այդ դրույթը մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական դպրոցների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցների մասով՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ի՞նչ է փոխվելու սեպտեմբերի 1-ից

ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ փոփոխության հիմնական տրամաբանությունը հանրակրթության բովանդակային կառավարման կենտրոնացումն է։

Այսինքն՝ մարզերի դպրոցների կրթական բովանդակության միասնական համակարգումն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների մի մասը պահպանվելու է մարզպետարանների մակարդակում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ներկայացմամբ՝ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ փոխանցվում է մարզպետարաններին, իսկ դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը վերապահվում է նախարարությանը։

Նախարարությունը նաև նախատեսում է ներդնել մարզային համակարգողների ինստիտուտ, որոնց միջոցով նախարարությունը կապ է պահպանելու դպրոցների հետ և պարբերաբար այցելելու է դպրոցներ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար։

Ո՞ր գործառույթներն են մնալու մարզպետարանների մոտ

Օրենքի նոր խմբագրությամբ մարզպետի իրավասությունների շրջանակում են, մասնավորապես՝

դպրոցին ամրացված պետական գույքի նպատակային օգտագործման և պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը,

դպրոցների վարչատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու նախարարություն ներկայացնելը,

պետական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողի հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպումը,

նախարարության կողմից պատվիրակված վարչատնտեսական ծառայությունների մշտադիտարկումը,
կրթական ծրագրերի, դպրոցականների մասնակցությամբ մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը աջակցելը,

պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերմանն ու հանրակրթության մեջ ներգրավմանը մասնակցել

դպրոցների շինարարության ընթացքում ուսումնական գործընթացի այլ հաստատություն տեղափոխման և անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման աշխատանքների համակարգումը,
ամփոփիչ ատեստավորմանը և ուսուցիչների ատեստավորմանը աջակցելը,
դասագրքերի հայտերի ձևավորման և բաշխման գործընթացի համակարգումը։

Այսպիսով, ենթակայության փոփոխությունը չի նշանակում, որ մարզպետարանները դադարեցնում են դպրոցների հետ կապված բոլոր գործառույթները։ Դպրոցների տնօրենների ընտրության/նշանակման գործող համակարգը ենթակայության փոփոխության պատճառով ամբողջությամբ չի վերացվում։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ տնօրենի ընտրության ընթացակարգը մնում է նույնը․ թեկնածուն ներկայացնում է զարգացման ծրագիր, այն անցնում է փորձաքննություն, դրական եզրակացության դեպքում անցկացվում է հարցազրույց, որից հետո կատարվում է նշանակումը։

Միաժամանակ, դպրոցների ենթակայության փոփոխությանը համապատասխանեցվում են նաև տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների նշանակման հետ կապված իրավական ակտերը։

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 831-Ն որոշմամբ փոփոխվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը։ Ըստ գործող կարգի՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո մարզերի բոլոր պետական դպրոցների համակարգողի թափուր պաշտոնի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու գործընթացը իրականացնում է մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։ Երևանի դպրոցների համար նույն կարգավորումը կգործի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսինքն՝ կառավարման նոր մոդելում վարչատնտեսական ուղղությունը շարունակում է ունենալ մարզային/քաղաքային կառավարման օղակ։

Ենթակայության փոփոխությունը ինքնին չի նշանակում, որ դպրոցների շենքերը կամ մյուս պետական գույքը դառնում են նախարարության սեփականությունը։ Օրենքը մարզպետների և Երևանի քաղաքապետի իրավասությունների մեջ առանձին նախատեսում է դպրոցներին ամրացված պետական սեփականության՝ անշարժ և շարժական գույքի նպատակային օգտագործման ու պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը։

Ի՞նչ է լինելու Երևանի դպրոցների հետ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար փոփոխության երկրորդ փուլը նախատեսված է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսպիսով, փոփոխությունն իրականացվելու է երկու փուլով.

2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող պետական դպրոցներ,

2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցներ։

ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ հիմնական նպատակներից մեկը հանրապետության բոլոր դպրոցների համար միասնական կառավարման մոտեցում և նվազագույն չափանիշներ ապահովելն է։ Նախարարությունը փոփոխությունը դիտարկում է որպես փուլային կենտրոնացված կառավարման համակարգի ձևավորում՝ միաժամանակ նախատեսելով համայնքների ավելի ակտիվ դերակատարում հետագա փուլերում։

Դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները ԿԳՄՍ նախարարությունը սկսել է դեռևս 2026 թվականի գարնանը՝ մարզպետների, դպրոցների տնօրենների և այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մարտին նախարարությունը հայտնել էր, որ պետական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7