Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնում

Սինգապուրում դատարանը դատավճիռ է կայացրել հայտնի դերասան Հուանգ Իլիանգի վրա մայիսին առևտրի կենտրոնում հարձակված տղամարդու գործով։

64-ամյա Հուանգ Իլիանգը ավելի քան երկու տասնամյակ նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա երեք անգամ արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է հեղինակավոր մրցանակների։

2007 թվականին Իլիանգը դադարեցրել է դերասանական կարիերան և անցել բիզնեսի։ Այս տարվա փետրվարին նա ծովամթերքի սեփական բիզնեսն է սկսել և անձամբ աշխատել Սինգապուրի Circuit Road առևտրի կենտրոնում գտնվող իր տաղավարում։

Մայիսի 10-ին դերասանի և հարևան կրպակի վաճառողուհու միջև կոնֆլիկտ է առաջացել։ Որոշ ժամանակ անց Իլիանգը որոշել է հաշտվել կնոջ հետ, սակայն հանդիպման ժամանակ վաճառողուհու 60-ամյա ամուսինը հարվածել է դերասանի ականջին։

Հարվածի հետևանքով Իլիանգը վայր է ընկել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել։ Սակայն ընդամենը երկու օր անց նա վերադարձել է աշխատանքի։

Օգոստոսին դատարանը տղամարդուն դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Եթե այդ ժամանակահատվածում նա ևս մեկ հանցագործություն կատարի, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել ոչ միայն նոր արարքի, այլև Իլիանգի նկատմամբ նախկին հարձակման համար՝ մարմնական վնասվածք հասցնելու և հետապնդման մեղադրանքներով։

Ինքը՝ դերասանը, հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր աշխատանքը, քանի որ իր բիզնեսը հաջողությամբ զարգանում է։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հարձակվողի հետ իր հարաբերությունները հետագայում կբարելավվեն։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Իլիանգը պատրաստվում է վերադառնալ դերասանական աշխատանքին։ Նա առաջիկայում կմարմնավորի ծովամթերքի վաճառականի կերպար՝ ընկերների նախաձեռնությամբ նկարահանվող սերիալում։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7