Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար անվտանգ չէ՝ ռազմական ակտիվության աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։
«Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել այդ օդային տարածքից»,- նշել է Սիբիգան՝ ընդգծելով, որ Կիևը ցանկանում է կանխել հնարավոր չնախատեսված միջադեպերը։
Պաշտոնական նախազգուշացումը հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից մեկ օր անց։ Նա ավիաընկերություններին, ապահովագրական ընկերություններին և ռուսական խոշոր օդանավակայաններից օգտվող բիզնեսներին զգուշացրել էր, որ Ռուսաստանի օդային տարածքը գնալով ավելի վտանգավոր է դառնում՝ ուկրաինական հեռահար անօդաչուների գործողությունների ընդլայնման ֆոնին։
Զելենսկու հայտարարությունից ժամեր անց Թուրքիայի և Մոսկվայի միջև մի շարք չվերթներ չեղարկվել կամ վերաուղղորդվել են։ Pegasus Airlines-ը չեղարկել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից և դեպի այնտեղ իրականացվող 12 չվերթ, իսկ Turkish Airlines-ը՝ չորս չվերթ։
Միևնույն ժամանակ, մի շարք խոշոր միջազգային ավիաընկերություններ, այդ թվում՝ Emirates-ը, Turkish Airlines-ը, Air India-ն, Etihad-ը և Qatar Airways-ը, շարունակում են թռիչքներ իրականացնել Ռուսաստան և նրա օդային տարածքով։

