Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ ծնողական խմբերում կրկին սկսվում են քննարկումները՝ որքա՞ն հավաքել «դասարանի ֆոնդի» համար, ո՞վ է վճարելու վերանորոգման գումարը, ի՞նչ նվեր գնել ուսուցչին։ Այդ քննարկումների կողքին, սակայն, հազվադեպ է հնչում գլխավոր հարցը՝ իսկ ի՞նչ է այս ամենի մասին ասում օրենքը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «դասարանի ֆոնդ» հասկացությունը որևէ իրավական ակտում գոյություն չունի. օրենսդրության տեսանկյունից ծնողներից հավաքվող ցանկացած գումար կա՛մ իսկապես կամավոր նվիրատվություն է, կա՛մ իրավական հիմք չունեցող պարտադրված վճար։ Ներկայացնում ենք, թե ինչ է երաշխավորում օրենքը, երբ է գումարի հավաքագրումն օրինական, և ինչ անել պարտադրանքի դեպքում։
Ի՞նչ է անվճար օրենքի ուժով
«Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով պետությունը երաշխավորում է անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն պետական ուսումնական հաստատություններում, իսկ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է, որ միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Նույն օրենքի 20-րդ հոդվածով սովորողն իրավունք ունի անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից։ Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
Սա նշանակում է. այն ամենի համար, ինչ մտնում է հանրակրթական ծրագրի մեջ՝ դասապրոցես, դասարանի և դպրոցի բնականոն գործունեություն, շենքի պահպանում ու վերանորոգում, ծնողից գումար պահանջելու իրավական հիմք գոյություն չունի. դրանք պետական ֆինանսավորման հարցեր են։
Ե՞րբ է վճարը օրինական
Օրենքը երկու օրինական ճանապարհ է նախատեսում։ Առաջին՝ վճարովի լրացուցիչ ծառայությունները. «Հանրակրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Այսինքն՝ խմբակի, լրացուցիչ դասընթացի կամ նման այլ ծառայության համար վճարը օրինական է միայն երկու պայմանի միաժամանակյա առկայությամբ՝ իրական կամավորություն և գրավոր պայմանագիր։
Երկրորդ՝ նվիրատվությունը. «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածով կրթական հաստատությունը կարող է ներգրավել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կատարած ներդրումներ։ Ծնողը, իհարկե, իրավունք ունի կամավոր նվիրատվություն կատարել դպրոցին։
Ուշադրություն. կամավորությունը գնահատվում է ըստ էության, ոչ թե ըստ նախաձեռնողի։ Երբ սահմանվում է «պարտադիր» գումարի չափ, կազմվում են վճարողների ու չվճարողների ցուցակներ, կամ չվճարելը հետևանքներ է ունենում երեխայի համար, վճարը դադարում է նվիրատվություն լինելուց՝ անկախ նրանից, դպրոցն է դա նախաձեռնել, թե ծնողները. պարտադրված վճարը իրավական հիմք ձեռք չի բերում նրանից, որ ձևակերպվել է ծնողական որոշմամբ։
Ի՞նչն է ուղղակիորեն արգելված
«Կրթության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասն արգելում է սովորողների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումը։ Իսկ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած՝ ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով հաստատված դպրոցների անվտանգության չափանիշների 7-րդ կետը պահանջում է, որ կրթական միջավայրը զերծ լինի սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ տնտեսական բռնությունը։ Չվճարած ծնողի երեխային առանձնացնելը, հրապարակավ հիշեցնելը կամ որևէ այլ ձևով ճնշելը հենց այս արգելքների դաշտում է։
Ի՞նչ անել պարտադրանքի դեպքում
Նախ՝ իմացեք, որ ոչ մի գումար վճարելու պարտականություն դուք չունեք, եթե այն ձեր ազատ կամքով ստանձնած պայմանագրային կամ նվիրատվական պարտավորություն չէ։ Պարտադրանքի դեպքում կարող եք գրավոր դիմել դպրոցի տնօրենին, իսկ արդյունքի բացակայության դեպքում՝ դպրոցի հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնին։ Գրավոր դիմումը պարտավորեցնում է պատասխանել օրենքով սահմանված կարգով ու ժամկետում։
Այս ամենը չի նշանակում, որ ծնողական համագործակցությունը կամ դպրոցին օգնելն արգելված է. օրենքը պաշտպանում է հենց ընտրության ազատությունը՝ օգնել ցանկացողը կարող է, չցանկացողը կամ չկարողացողը պարտավոր չէ, և նրա երեխան դրա համար որևէ հետևանք կրել չի կարող։
Ամփոփում
Ամփոփելով՝ միջնակարգ կրթությունը պետական դպրոցներում անվճար է, և հանրակրթական ծրագրի ու դպրոցի բնականոն գործունեության համար ծնողից գումար պահանջելու իրավական հիմք չկա. վճարը օրինական է միայն երկու դեպքում՝ լրացուցիչ վճարովի ծառայության համար՝ կամավոր և գրավոր պայմանագրով, կամ որպես իսկապես կամավոր նվիրատվություն, մինչդեռ պարտադրված վճարը՝ անկախ նախաձեռնողից, իրավական հիմք չունի, իսկ երեխայի նկատմամբ ճնշումը ընդհուպ արգելված տնտեսական բռնության դրսևորում է, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Դպրոցում գումարների հավաքագրման և երեխայի կրթության իրավունքի հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով info.legalliance@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։
Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։

