Եկել եմ պատկան մարմինների փուչիկներով տոնը փչացնեմ:
Նոր — Նորքի Վիլնյուսի փողոցում որոշում են բակը բարեկարգել: Ինչ խոսք հրաշալի որոշում է, բայց ինչպես ցանկացած լավ բան` բարեկարգումն էլ է «ռաստվում» կառավարման համակարգին:
Բակը փորում են ամբողջ երկայնքով, ջրագծերը փոխում ու հանկարծ պարզվում է, որ հոսանքի գծերը նույնպես կարիք ունեն գետնի տակով անց կացնելու, բայց դե որպեսզի մի գործը երկու անգամ չարվի` որոշում են սպասել ՀԷՑ-ին` ապա նոր ասֆալտապատեն:
Եվ ուշադրություն, արդեն 3 ամիս` ողջ բակը քանդած, կանալիզացիան բաց հոսում է` տարածելով վարակ և գարշահոտ, երեխաներն ամենօր ենթարկվում են փոսը ընկնելու, հոսանքահարվելու ռիսկերին, մարդիկ շքամուտքից դուրս են գալիս` ուղիղ փոսի մեջ, շտապօգնության կամ հրշեջծառայության մասին խոսելն իսկ ավելորդ է, բաց հոսանքալարերը արդեն մեկ անգամ պայթել են` հոսանքազրկելով ողջ թաղամասը, դե բայց սայլը տեղից չի շարժվում: Եվ այսպես 3 ամիս` ոչ փոսն են փակում, ոչ հոսանքալարերը փոխում… երևի մինչև մի քաղաքացու հետ աղետ պատահի:
Չի կարելի քաղաքացիների հետ էսպես վարվել:
Եվ քանի որ հայաստանյան սայլը շարժվում է միայն ֆեյսբուքում, ապա հույս ունենամ, որ այս գրառումը կգտնի իր հասցեատերերին:

