Naira Zohrabyan ոլորտից ոչինչ չհասկանալով վարկաբեկել մի ամբողջ ոլորտ և հայկական գինին՝ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ է, այլև լուրջ հարցեր է առաջացնում ԱԺ պատգամավոր եղած տարիներին նրա կատարած աշխատանքի որակի, օբյեկտիվության և պատասխանատվության վերաբերյալ։
Հիմա փաստերով, որովհետև փաստերը երբեմն շատ ավելի խոսուն են, քան տգետ ու անթասիբ մեկնաբանությունները։
Վերջին 10 տարիների ընթացքում հայկական գինիները միջազգային հեղինակավոր մրցույթներում նվաճել են 500-ից ավելի մեդալներ։
2026 թվականին Հայաստանը, որպես գինեգործական երկիր, տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալեց աշխարհի ամենահեղինակավոր և խոշորագույն գինու մրցույթներից մեկը՝ Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելը։ Հայաստան ժամանեցին ավելի քան 350 միջազգային գինու փորձագետներ և ժյուրիի անդամներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Եվ նրանք՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող գինու փորձագետները, ոչ միայն համտեսեցին հայկական գինիները, այլև իրենց գնահատականն ու հիացմունքը ներկայացրին բազմաթիվ հարթակներում։
Իսկ մրցույթի շրջանակում՝ կույր համտեսի արդյունքում, հայկական գինիները արժանացան 35 մեդալի՝ իրենց որակի և ինքնատիպության համար։
Հայկական գինին այսօր արտահանվում է եվրոպական մի շարք երկրներ և ներկայացված է բարձրակարգ ռեստորաններում ու միջազգային շուկաներում։
Սրանք կարծիքներ չեն։ Սրանք փաստեր են։
Ու այսքանից հետո հայկական գինեգործության զարգացումը չտեսնելը, չընդունելը կամ, առավել ևս, հերքելն արդեն պարզապես անտեղյակություն չէ։ Դա փաստերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է և հայկական արժեքը սեփական տգիտության մակարդակով չափելու անհաջող փորձ։
Հայկական գինին կարելի է չսիրել․ դա անձնական ճաշակի հարց է։
Բայց ազգային արժեքը «աղբ» անվանել՝ առանց որևէ փաստի, մասնագիտական գիտելիքի կամ հիմնավորման, զուտ փիառվելու համար, պարզապես տգետ ու անթասիբ մոտեցում է։
Հայկական գինու արժեքը Ձեր չիմացությամբ չի նվազում։ Ձեր խոսքն է պարզապես արժեզրկվում։

