Բնակիչների համար կարևոր փոփոխություն

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագիծը, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի բնակիչների և կազմակերպությունների համար վերացնել գազամատակարարման ցանցին միանալու դեպքում գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը ներկայացնելու պահանջը։ Փոփոխությամբ նախատեսվում է նաև կանխել այն դեպքերը, երբ գազին միանալու համար բնակիչներից այդ համաձայնության դիմաց լրացուցիչ վճարներ են պահանջվում։

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 67.1 կետի համաձայն գազասպառման համակարգի կառուցման փուլում դիմող անձը տեխնիկական պայմանները ստանալու նպատակով դիմում է Մատակարարին՝ ներկայացնելով նշված Կանոնների 31-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։

Կանոնների 31-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ այլ անձի գազասպառման համակարգի միջոցով գազամատակարարման ցանցին միանալու դեպքում դիմող անձը պարտավոր է ներկայացնել տվյալ գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։

Գործնականում արձանագրվում են իրավիճակներ, երբ Գազասպառման համակարգի սեփականատեր հանդիսացող կառուցապատողները, հղում կատարելով վերոնշյալ կարգավորմամբ նախատեսված գրավոր համաձայնության պարտադիր պահանջին, բազմաբնակարան շենքերի բնակիչներից համաձայնության տրամադրման դիմաց պահանջում են լրացուցիչ վճարներ, որոնք նախատեսված չեն գործող կարգավորումներով։

Խնդիրն առավել ընդգծվել է Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար լրացուցիչ միացման վճարի կիրառման պայմաններում։

Նման պրակտիկան կարող է հանգեցնել գործող կարգավորման ոչ նպատակային կիրառման և բնակիչների համար ստեղծել լրացուցիչ ֆինանսական և վարչական խնդիրներ։

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկում է խմբագրել Կանոնների 67.1 կետը, բազմաբնակարան շենքում գտնվող բնակիչների և կազմակերպությունների դեպքում, պահանջվող փաստաթղթերի ցանկից հանելով գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը ստանալու պարտավորությունը։

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով առաջարկվում է այլ անձի գազասպառման համակարգի միջոցով գազամատակարարման ցանցին միանալու դեպքում տվյալ գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնության ներկայացման պահանջը չկիրառել բազմաբնակարան շենքերում գտնվող բնակիչների և կազմակերպությունների վրա։

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից գազամատակարարման ծառայությունից օգտվելու ընթացքում առաջացող վարչական և ֆինանսական խոչընդոտների նվազեցման անհրաժեշտությամբ։

Նպատակ է դրվում բացառել այն իրավիճակները, երբ արդեն իսկ գազիֆիկացված բազմաբնակարան շենքի բնակչի՝ գազամատակարարման ցանցին միանալու հնարավորությունը պայմանավորվում է երրորդ անձի կողմից համաձայնության տրամադրմամբ և դրա դիմաց լրացուցիչ վճարի պահանջով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համար գազամատակարարման ցանցին միացման գործընթացում առաջացող խոչընդոտները, կանխել լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացումը և ապահովել գազամատակարարման ծառայության առավել հասանելի և թափանցիկ տրամադրումը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7