Armlur.am-ի տեղեկություններով` Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ստեղծելով և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով «Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ», «Պրոգրեսս 1» և «Եվրո Օյլ» ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանալով «Էկո Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք և յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։
Ըստ նախաքննական մարմնի՝ հարկման օբյեկտները թաքցնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին համապատասխան հաշվարկներն ու հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծելով «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառվել է ընդհանուր 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս։
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանը, Սարգիս Արմենի Պետրոսյանը և Ազատ Սերժիկի Գրիգորյանը։
Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին պետությանը մոտ 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառել։

