Կարո՞ղ են զրկել կենսաթոշակից կամ դրա մի մասը պահել․ ինչ պետք է իմանալ

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Որոշ դեպքերում կենսաթոշակառուի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Ի՞նչ պատճառներով կարող է մերժվել աշխատանքային կենսաթոշակի դիմումը

Աշխատանքային կենսաթոշակի դիմումը կարող է մեժվել, եթե՝

անձը չունի կենսաթոշակի իրավունք
անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի ՀՀ բնակության վայր (հասցե).
անձը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումը մերժվելու դեպքում դրա մասին կտեղեկանաք դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ե՞րբ կարող է դադարեցվել աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը

Աշխատանքային կենսաթոշակի տրամադրումը կարող է դադարեցվել եթե՝

կենսաթոշակառուն հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից,

կենսաթոշակառուն մշտապես բնակություն հաստատի օտարերկրյա պետությունում,

կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանա այլ պետությունից,

կենսաթոշակի դիմումի գործում հայտնաբերվեն կեղծ փաստաթղթեր,

լրանա ՀՀ-ում կենսաթոշակառուի բնակվելու իրավունքի ժամկետը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում),

անկախիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում առնվազն յուրաքանչյուր տարի կենսաթոշակառուն չներկայանա այն բանկ, որից ստանում է կենսաթոշակը և չստորագրի, որ բնակվում է ՀՀ-ում,

սպառվի լիազորված անձի կողմից անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու լիազորագրի ժամկետը (12 ամիս)։

Կենսաթոշակի տրամադրումը դադարեցվում է նաև կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում։

Ո՞ր դեպքերում կարող են պահումներ կատարվել աշխատանքային կենսաթոշակից

Աշխատանքային կենսաթոշակից կկատարվեն պահումներ, եթե՝

կենսաթոշակառուն ներկայացնում է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

սխալմամբ կենսաթոշակառուին վճարվում է նշանակածից ավելի գումար։

Արդյո՞ք ԴԱՀԿ-ն կարող է կենսաթոշակից պահումներ կատարել

Այո՛, ԴԱՀԿ-ն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, կարող է կատարել պահումներ մինչև կենսաթոշակի գումարի 30%-ի չափով՝ մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ պահումներ կատարելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից:

Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվներից (դրանց կուտակման ժամանակահատվածում) պահումներ չեն կարող կատարվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը։

Նյութը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, – Iravaban.net–ը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7