Ցանկացած հիվանդության դեպքում, որքան վաղ են նկատվում ախտանշանները, այնքան շուտ է հնարավոր դիմել բժշկի և սկսել համապատասխան բուժումը։ Ախտանշանները կախված են քաղցկեղի տեսակից և օրգանիզմում դրա տեղակայումից, ընդ որում՝ որոշ նշաններ ի հայտ են գալիս միայն ավելի ուշ փուլերում։
Այնուամենայնիվ, կան ազդանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ ամենավաղ փուլերում՝ տալով ժամանակին ախտորոշման մեծ հնարավորություն։
Ուռուցքաբան Վորոբյովը նշել է 4 հիմնական ախտանշան, որոնք պետք է լրջորեն անհանգստացնեն, եթե դրանք կրում են մշտական բնույթ և չեն անցնում․
Խոց կամ չապաքինվող բիծ բերանի խոռոչում կամ լեզվի վրա
Բերանի խոռոչի փոքր խոցերը (աֆթաները) հաճախ ի հայտ են գալիս իմունիտետի անկման կամ հոգնածության ֆոնին և սովորաբար ապաքինվում են մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Սակայն, եթե խոցը, կարմիր կամ սպիտակավուն բիծը չի անցնում ավելի քան 3 շաբաթ, պարտադիր է դիմել բժշկի կամ ատամնաբույժի, քանի որ դա կարող է վկայել բերանի խոռոչի կամ ըմբանի քաղցկեղի մասին։
Քրոնիկ, չդադարող հազ
Երկարատև հազը, որը չի անցնում և կարող է ուղեկցվել ձայնի խռպոտությամբ կամ ձայնի փոփոխությամբ, պահանջում է անհապաղ մասնագիտական հետազոտություն։
Մաշկային չապաքինվող վերքեր ու խոցեր
Մաշկը վերականգնվում է բավականին արագ, և ցանկացած սովորական վնասվածք կամ քերծվածք հիմնականում լավանում է մոտ մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե մաշկի վրա կա վերք կամ խոց, որը շաբաթներ շարունակ չի ապաքինվում, անհրաժեշտ է այն ցույց տալ մաշկաբանին կամ ուռուցքաբանին։
Մշտական այրոց (իժոգա) կամ մարսողության խանգարում
Շատ յուղոտ, առատ կամ կծու սնունդ ընդունելուց հետո թեթևակի անհարմարությունը բնական երևույթ է։ Բայց եթե այրոցի զգացողությունը, ծանրությունը և ստամոքսի խանգարումները դարձել են մշտական ուժեղացող ուղեկից, դա լուրջ ազդանշան է՝ ստամոքս-աղիքային տրակտը հետազոտելու համար։

