Եթե պարտապանը մահանում է, պարտքն ավտոմատ չի վերանում։ Օրենքով ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, և բռնագանձումը տարածվում է ոչ միայն ժառանգությամբ ստացած, այլև ժառանգի սեփական գույքի ու եկամուտների վրա, սակայն ոչ ավելի, քան իրեն անցած ժառանգական գույքի շուկայական արժեքը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումները սահմանված են «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքով։
Ի՞նչ է լինում կատարողական վարույթի հետ, երբ պարտապանը մահանում է
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածով հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Եթե պարտավորությունն իր բնույթով չի թույլատրում իրավահաջորդություն, ապա 60-րդ հոդվածով վարույթը կարճվում է, և կիրառված հարկադիր կատարման միջոցները վերացվում են։
Ինչո՞ւ է պարտքն անցնում ժառանգին
Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածով ժառանգության դեպքում մահացածի գույքը անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց՝ համապարփակ իրավահաջորդության կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով։
Օրենսգրքի 1186-րդ հոդվածով ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները։ Այսինքն՝ ժառանգը ստանում է ոչ միայն բնակարանը, մեքենան կամ ավանդը, այլ դրանց հետ միասին նաև ժառանգատուի գույքային պարտավորությունները, այդ թվում՝ վարկերը։
Նույն հոդվածով ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքներն ու այլ ոչ նյութական բարիքները, ինչպես նաև այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով։
Ինչպե՞ս է ժառանգը ներգրավվում վարույթում
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածով կատարողական վարույթից մասնակցի դուրս գալու դեպքում, ներառյալ մահվան, հարկադիր կատարողն իր որոշմամբ նրան փոխարինում է իրավահաջորդով։ Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարված գործողություններն իրավահաջորդի համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավանախորդի համար։
Ընդ որում, ժառանգին գտնելու համար հարկադիր կատարողը մենակ չէ. Ծառայությունը և նոտարները փոխանակում են տեղեկություններ մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, ժառանգության ընդունման, ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների և ժառանգական գույքի կազմի մասին։ Այդ տվյալները փոխանցվում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով։
Որքանո՞վ է ժառանգը պատասխանատու
Սա ամենակարևոր կանոնն է։ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով մահացած պարտապանի ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ նրանց գույքի և եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ ինչպես ժառանգությամբ անցած, այնպես էլ ժառանգների այլ գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով։
Գործնականում դա նշանակում է երկու բան։ Առաջինը՝ պարտատերը կարող է պահանջը ներկայացնել ցանկացած ժառանգի։ Երկրորդը՝ ժառանգը չի կարող կորցնել ավելին, քան ստացել է. եթե ստացել է 3 միլիոն դրամ արժողությամբ գույք, իսկ պարտքը 5 միլիոն է, ապա նրանից կարող է բռնագանձվել առավելագույնը 3 միլիոնի չափով։
Պարտավո՞ր է ժառանգը հայտարարագիր ներկայացնել
Այո։ Օրենքի 68-րդ հոդվածով հարկադիր կատարողը պարտապանի իրավահաջորդին ուղարկում է նույն ծանուցումը, ինչ պարտապանին՝ իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ։
Ընդ որում, իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրում պարտավոր է նշել նաև, թե որ գույքն է ժառանգությամբ ստացել իրավանախորդից։ Առաջին հայտարարագիրը ներկայացվում է ծանուցումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում։
Ե՞րբ է վարույթն ավարտվում
Օրենքի 59-րդ հոդվածով վարույթն ավարտվում է, երբ ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի և եկամուտների վրա՝ տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները։ Այդ դեպքում կիրառված հարկադիր կատարման միջոցները վերացվում են։
Ի՞նչ է լինում, եթե մահանում է ոչ թե պարտապանը, այլ պարտատերը
Այս դեպքում ևս վարույթը կասեցվում է։ Սակայն օրենքի 59-րդ հոդվածով, եթե պարտատիրոջ մահից հետո մեկ տարվա ընթացքում միջնորդություն չի ներկայացվում նրան իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ, վարույթն ավարտվում է։
Ի՞նչ է փոխվում երաշխավորի համար
Եթե պարտավորությունը երաշխավորված է, և երաշխավորը կրում է սուբսիդիար, այսինքն՝ լրացուցիչ պատասխանատվություն, ապա օրենքի 86-րդ հոդվածով նրա գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածվում է միայն որոշակի պայմանների առկայության դեպքում։ Դրանցից մեկը հենց հիմնական պարտապանի մահն է, եթե չկա արգելադրված գույք։
Ամփոփում
Ամփոփելով՝ Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ և 1186-րդ հոդվածներով ժառանգությունն անցնում է որպես միասնական ամբողջություն՝ ներառյալ գույքային պարտականությունները, ուստի պարտապանի մահից հետո կատարողական վարույթը կասեցվում է, ապա շարունակվում է ժառանգի նկատմամբ, ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, բռնագանձումը տարածվում է նաև նրանց սեփական գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան իրենց անցած ժառանգական գույքի շուկայական արժեքը, ժառանգը պարտավոր է ներկայացնել գույքի հայտարարագիր, Ծառայությունը ժառանգների մասին տվյալները ստանում է նոտարներից, իսկ անձի հետ անխզելիորեն կապված պարտավորությունները, օրինակ՝ ալիմենտայինը, ժառանգությամբ չեն անցնում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ժառանգությունն ընդունելու դեպքում պարտքերի սահմանների մասին կարդացեք այս նյութում, մահացած վարկառուի վարկի մասին՝ այստեղ, իսկ պարտքի դիմաց չբռնագանձվող գույքի և եկամուտների մասին՝ այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Ժառանգությունն ընդունելու և դրանից հրաժարվելու ժամկետներն ու կարգը սահմանված են Քաղաքացիական օրենսգրքով և ներկայացված են առանձին նյութում։

