Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի հայկական դպրոցներին բանավոր հրահանգել են այլևս չընդունել Հայաստանի քաղաքացիների երեխաներին, իսկ արդեն սովորող աշակերտներին տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում քաղաքում բնակվող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ նոր որոշման պատճառով հայկական դպրոցների տնօրենները հրաժարվում են ընդունել հայաստանցիների երեխաներին։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է դարձել Ստամբուլում բնակվող հայաստանցի ընտանիքների համար։ Հ. Կ.-ն նշել է, որ Ստամբուլում ծնված իր 6-ամյա դուստրը փաստացի զրկվել է հայկական դպրոցում ազգային կրթություն ստանալու հնարավորությունից։
Ըստ հրապարակման՝ Թուրքիայի կրթության նախարարության ներկայացուցիչները ստուգումներ են իրականացրել ազգային փոքրամասնությունների դպրոցներում և բանավոր հրահանգել այլևս «հյուր աշակերտներ» չընդունել։ Արդեն սովորող երեխաներին ևս պահանջվել է տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։
Մինչ այս հայկական դպրոցները գործում էին 2012 թվականին ընդունված որոշման համաձայն։ Դրանով օտարերկրյա քաղաքացիների երեխաներին թույլատրվում էր սովորել այդ դպրոցներում, սակայն նրանք ավարտական ատեստատ ստանալու իրավունք չունեին։ Փոխարենը նրանց տրամադրվում էր փաստաթուղթ՝ ուսման ընթացքում անցած առարկաների վերաբերյալ։

