Ճանապարհին մեքենան կարող է կանգնեցվել ոչ միայն այն դեպքում, երբ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Օրենքը սահմանում է կոնկրետ իրավիճակներ, երբ ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ինչպես նաև նախատեսում է, թե ինչ պարտականություններ ունի ծառայողը կանգնեցնելուց հետո։ ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ո՞ր դեպքերում կարող է ոստիկանությունը կանգնեցնել մեքենան, պարտավո՞ր է հայտնել պատճառը, կարո՞ղ է վարորդին առաջարկել դուրս գալ մեքենայից և ինչպե՞ս պետք է տրվի կանգնեցնելու ազդանշանը․ ներկայացնում ենք հիմնական կանոնները։
Ե՞րբ կարող է ոստիկանությունը կանգնեցնել մեքենան
Ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
տեսանելի է կամ տեխնիկական միջոցներով արձանագրվել է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները,
մեքենայի ընթացքը, տեղափոխվող բեռը, վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար,
բավարար հիմքեր կան կասկածելու, որ մեքենան կամ դրա ներսում գտնվող անձինք հետախուզման մեջ են,
անհրաժեշտ է վարորդներին տեղեկացնել ճանապարհին առաջացած վտանգների կամ անբավարար պայմանների մասին։
Բացի այդ, մեքենաները կարող են կանգնեցվել ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորված հատուկ միջոցառումների ժամանակ։
Ինչպե՞ս պետք է ոստիկանությունը կանգնեցնի մեքենան
Կանգնեցնելու պահանջը կարող է տրվել՝
դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողով,
կարմիր ազդանշանով սկավառակով,
բարձրախոս սարքի միջոցով։
Ուշադրությունը գրավելու համար կարող է օգտագործվել նաև սուլիչ։
Ազդանշանը պետք է վարորդի համար հասկանալի և ժամանակին լինի, որպեսզի դրա կատարումը վթարային իրավիճակ չստեղծի։
Կանգնեցնելուց հետո պարտավո՞ր է ոստիկանությունը ներկայանալ
Այո։ Օրենքով նախատեսված դեպքերում մեքենան կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին և ներկայանալ։
Նա պետք է հայտնի՝
իր պաշտոնը,
կոչումը,
ազգանունը,
ստորաբաժանումը։
Հարցման դեպքում ծառայողը նաև պետք է հայտնի ոստիկանության ծառայողի նույնականացման անհատական համարը։
Բացի դրանից, ծառայողը պետք է հայտնի մեքենան կանգնեցնելու պատճառը։
Կարո՞ղ է վարորդը շարունակել ճանապարհը
Կանգնեցնելու պատճառի հետ կապված գործողությունները կատարելուց և անհրաժեշտության դեպքում խախտումն արձանագրելուց հետո ոստիկանության ծառայողը, որպես կանոն, պետք է թույլատրի տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը։
Սակայն օրենքը նախատեսում է դեպքեր, երբ մեքենայի շարժը կարող է չթույլատրվել, օրինակ՝ եթե առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։
Կարո՞ղ է պարեկը վարորդին ասել՝ դուրս եկեք մեքենայից
Այո, բայց օրենքը սահմանում է կոնկրետ դեպքեր։
Ոստիկանության ծառայողը կարող է վարորդին առաջարկել դուրս գալ մեքենայի խցիկից կամ սրահից, եթե, մասնավորապես՝
անհրաժեշտ է վերացնել մեքենայի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը,
բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը ոչ սթափ վիճակում է,
մեքենան կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է համեմատել մեքենայի համապատասխան համարները գրանցման փաստաթղթերի տվյալների հետ,
վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ,
անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին։
Կարո՞ղ է մեքենան կանգնեցնել միայն խախտման դեպքում
Ոչ։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի իրավիճակներ, երբ մեքենան կարող է կանգնեցվել ճանապարհի վիճակի, տեղի ունեցած ՃՏՊ-ի, ճանապարհին առաջացած վտանգների կամ երթևեկության անվտանգության վերաբերյալ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում։
Այդ գործողություններից հետո, եթե օրենքով նախատեսված այլ հիմք չի առաջանում, ծառայողը պետք է թույլատրի մեքենայի հետագա երթևեկությունը։
Իսկ արագության կամ ապակիների լուսաթափանցելիության խախտումը ինչպե՞ս է հիմնավորվում
Օրենքը հատուկ սահմանում է, որ արագության սահմանված չափը գերազանցելու և ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափը խախտելու համար պատասխանատվություն է առաջանում, երբ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ։
Այսինքն՝ այդ դեպքերում խախտման արձանագրումը պետք է հիմնված լինի համապատասխան տեխնիկական միջոցի կիրառման վրա։
Կարևոր է․ մեքենան կանգնեցնելու իրավական հիմքը և կանգնեցնելուց հետո ոստիկանության ծառայողի գործողությունները օրենքով սահմանված են։ Վարորդի համար կարևոր է իմանալ ոչ միայն իր պարտականությունները, այլև հասկանալ, թե ինչ ընթացակարգ պետք է պահպանվի մեքենան կանգնեցնելու ժամանակ։

