Բուժաշխատողների անհատական լիցենզավորումը կերկարաձգվի՞. մանրամասներ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-167-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման նոր համակարգի ներդրման ժամկետները նախատեսվում է փոփոխել։ Առողջապահության նախարարությունը առաջարկում է անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2027 թվականի հուլիսի 1-ը։

Փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է նրանով, որ լիցենզավորման գործընթացի պատշաճ կազմակերպման, մասնավորապես՝ մասնագիտական քննությունների անցկացման համար նախատեսված ժամանակը բավարար չէ։ Քննությունները նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակի միջոցով, որի ներդրման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։

Ի՞նչ է փոխվելու

Նախագծով նախատեսվում է՝

անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխել 2027 թվականի հուլիսի 1,
ավագ բուժաշխատողների համար կենտրոնացված քննությանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը,

կենտրոնացված քննություններն անցկացնել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը,
ավագ բուժաշխատողների գործող ՇՄԶ հավաստագրերի գործողությունը երկարաձգել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը՝ անկախ դրանցում նշված ժամկետից։

Այսինքն՝ գործող կարգավորմամբ անհատական լիցենզավորման ամբողջ գործընթացը նախատեսված էր ավարտել 2027 թվականի հունվարի 1-ին, իսկ առաջարկվող փոփոխությամբ բուժաշխատողներին տրվում է ևս 6 ամիս։

Փոփոխություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետի մասով՝ հունվարից տեղափոխելով հուլիս։

Նախագծերի ընդունմամբ, ըստ հիմնավորման, պետական կամ համայնքային բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Նախագծերը մշակել են ՀՀ առողջապահության նախարարության և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7