Որքա՞ն է լինելու ձեր կենսաթոշակը․ այժմ կարող եք ինքնուրույն հաշվարկել

Կենսաթոշակի նախնական չափն այսուհետ կարող եք հաշվարկել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։
Այս նպատակով անհրաժեշտ է մուտք գործել uss.social.gov.am կայք, ապա գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնի «Սոցիալական ապահովություն» ենթաբաժնում սեղմել «Կենսաթոշակի հաշվիչ» դաշտի վրա։

Այնուհետև կարող եք ընտրել կենսաթոշակի համապատասխան տեսակը՝

աշխատանքային,
զինվորական կամ
պետական պաշտոն զբաղեցնելու հիմքով
և մուտքագրել պահանջվող տվյալները։

Եթե ընտրել եք աշխատանքային կենսաթոշակը, 1974 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված լինելու դեպքում անհրաժեշտ է կատարել նշում, այնուհետև մուտքագրել աշխատանքային ստաժը, իսկ հաշմանդամության խմբի առկայության դեպքում ընտրել նաև խումբը։

Կերակրողին կորցնելու դեպքում անհրաժեշտ է նշել մահացած ծնողի կամ ծնողների վերաբերյալ պահանջվող տվյալները, մուտքագրել ստաժը և սեղմել «Հաշվել» կոճակը։ Համակարգն ինքնաշխատ եղանակով, ըստ մուտքագրված տվյալների, կկատարի նախնական հաշվարկ, և դուք հնարավորություն կունենաք տեղեկանալ ձեր կենսաթոշակի չափի մասին՝ ստանալով մանրամասն տեղեկատվություն կատարված հաշվարկի վերաբերյալ։

Զինվորական կենսաթոշակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել զինվորական ծառայության ստաժը, անձնական գործակիցը, իսկ հաշմանդամության խմբի առկայության դեպքում ընտրել միայն հաշմանդամության խումբը և անձնական գործակիցը։

Կերակրողին կորցնելու կարգավիճակի առկայության դեպքում պետք է ընտրել համապատասխան կարգավիճակներից որևէ մեկը, մուտքագրել պահանջվող տվյալները, ապա սեղմել «Հաշվել» կոճակը։

Եթե ձեզ հետաքրքրում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակը, ապա այս դեպքում դուք կարող եք ընտրել համապատասխան պաշտոնների խումբը, այնուհետև՝ զբաղեցրած պաշտոնը։ Պաշտոնների առաջին խումբն ընտրելիս մուտքագրել ստաժի, իսկ երկրորդ խումբն ընտրելիս՝ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի վերաբերյալ տեղեկատվությունը և սեղմել «Հաշվել» կոճակը։ Համակարգն ինքնաշխատ եղանակով կկատարի կենսաթոշակի նախնական հաշվարկը և կներկայացնի մանրամասն տեղեկատվություն։

Օգտվեք կենսաթոշակի հաշվիչից և նախապես իմացեք ձեր կենսաթոշակի հնարավոր չափը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7