Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Կառավարությունը նախատեսում է հստակեցնել զինվորական ծառայությունից տարկետում ստացած քաղաքացիների համար գործող սահմանափակումը՝ բացառելով այլ հիմքով կրկին տարկետում ստանալու հնարավորությունը։ Փոփոխությամբ կամբողջականացվի գործող կարգավորումը և կապահովվի նույն պայմաններում գտնվող քաղաքացիների նկատմամբ միասնական մոտեցում։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է որոշմամբ արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների՝ այլ հիմքով տարկետում չստանալու կարգավորումը ամբողջական դարձնելու նպատակով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման հավելվածի (այսուհետ՝ կարգ) 17-րդ կետով սահմանված է, որ «Սույն կարգի հիմքով տարկետում ստացած քաղաքացիները նույն կամ հաջորդ կրթական աստիճանների համար չեն կարող հավակնել ու տարկետում ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգով»: 2026 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է N 610-Ն որոշումը, որով կարգավորվում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Նշված հարաբերությունները մինչև վերը նշված կարգի ընդունումը կարգավորվել են միայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, որի հիմքով կարգի 17-րդ կետում հղում տրված է եղել միայն տվյալ որոշմանը: Կարգով սահմանված կարգավորումների շարունակականությունը և ամբողջականությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան կարգավորումը սահմանել նաև ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ին N 610-Ն որոշման մասով:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կպահպանվի գործող կարգավորումների տրամաբանությունը, որի արդյունքում տարբերակված մոտեցում չի ցուցաբերվի նույն նվաճման, բայց կառավարության տարբեր որոշումների հիմքով տարկետում ստացած քաղաքացիների համար, ինչպես նաև կարգով տարկետում տրամադրելու ի սկզբանե սահմանված նպատակը:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

