Անվանի բժիշկ Միհրան Մարտիրոսյանը պետական պարգև է ստացել

Մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանագրով, պարգևատրվել «Մխիթար Հերացու» մեդալով։
Այս պարգևն ընդունում եմ խորին երախտագիտությամբ, հպարտությամբ և պատասխանատվության մեծ զգացումով։ Այն ինձ համար բժշկի առաքելությունը նույն սկզբունքայնությամբ, անմնացորդ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ շարունակելու պարտավորություն է։

Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում «Էրեբունի» Բժշկական Կենտրոնի Հիմնադիր Տնօրեն Հարություն Քուշկյանին և Գործադիր Տնօրեն Միքայել Մանուկյանին՝ վստահության, անվերապահ աջակցության և մասնագիտական աճի համար լավագույն պայմաններ ստեղծելու համար։
Բժշկության մեջ որևէ նշանակալի արդյունք միայն անհատական ձեռքբերում չէ։ Դրա հիմքում տարիների հետևողական աշխատանքն է, շարունակական մասնագիտական զարգացումը, գործընկերների վստահությունն ու մարդկային կյանքին ծառայելու ընդհանուր առաքելությունը։ Ուստի այս պարգևն իրավամբ կիսում եմ «Էրեբունի» Բժշկական Կենտրոնի՝ իմ գործընկերների և մեր ամբողջ թիմի հետ։ Իմ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի թիմին՝ ամենօրյա նվիրված աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Այս պարգևը նաև ձերն է։

Այս նշանակալի պահին իմ խորին խոնարհումն եմ բերում իմ ուսուցիչներին՝ երջանկահիշատակ ակադեմիկոս Կառլեն Ադամյանին և ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանին։ Նրանցից ստացած ոչ միայն մասնագիտական գիտելիքը, այլև բժշկի կոչմանը հավատարիմ մնալու դասը շարունակում է առաջնորդել ինձ ամեն օր։

Անսահման շնորհակալ եմ ընտանիքիս՝ սիրո, համբերության և ամենահուսալի թիկունքը լինելու համար։ Ձեր սերն ու աջակցությունն այն ուժն են, առանց որի այս ճանապարհն ու ձեռքբերումները հնարավոր չէին լինի։
Առանձին երախտագիտություն եմ հայտնում իմ բուժառուներին՝ իրենց ամենաթանկը՝ առողջությունը, ինձ վստահելու համար։ Այդ վստահությունը բժշկի համար միաժամանակ մեծագույն գնահատանք է և բարձրագույն պատասխանատվություն։
Պետական այս բարձր գնահատանքն ինձ պարտավորեցնում է շարունակել աշխատել առավել մեծ նվիրումով և սկզբունքայնությամբ՝ հանուն մարդու կյանքի ու առողջության, հանուն հայկական բժշկության զարգացման և ի ծառայություն Հայաստանի Հանրապետության։

Շնորհակալ եմ վստահության և բարձր գնահատանքի համար։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7